Ի՞նչ է նշանակում ադրբեջանա-չինական հռչակագիրը
Անցած շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը, որն առնչվում է Հայաստանին, տեղի է ունեցել Ղազախստանի մայրաքաղաքում:
Աստանայում ընդունվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր:
Ադրբեջանը Թայվանը ճանաչում է Չինաստանի անբաժանելի մաս և դեմ հանդես գալիս թայվանական անկախության ցանկացած ձևաչափի։
Չինաստանը սատարում է ադրբեջանական կողմի առաջադրած խաղաղության օրակարգը և կոնտր-արդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները։
Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունի նաև Վրաստանը, իսկ Հայաստանը սահմանափակվում է ընդամենը բարեկամության հռչակագրով, որը կնքվել է դեռ 2015-ին և, իհարկե, կարգով և նշանակությամբ էապես զիջում է այն փաստաթղթերին, որ Պեկինի հետ ստորագրել են Բաքուն և Թբիլիսին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չինաստանը հետևողականորեն մեծացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում:
Մյուս կողմից, ուշագրավ է այն ժամանակահատվածն ու միջավայրը, որում ստորագրվել է Աստանայի հռչակագիրը:
Մինչ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը վերջին շաբաթներին հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում էր «Միջին միջանցքի» գաղափարը՝ դրանով նպատակ ունենալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում սահմանափակել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը, Բաքուն ստրատեգիական համագործակցության հռչակագիր է ստորագրում Պեկինի հետ:
Իհարկե, Ալիևի այս քայլը չի կարելի հակաամերիկյան համարել, մյուս կողմից, նա հասկացնում է, որ այս պահին մտադիր չէ գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան պարամետրերով ու մեծացնում է Ադրբեջանի սուբյեկտությունը՝ ակնկալելով ավելի մեծ գին ստանալ աշխարհաքաղաքական մրցակցությունից:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, որն այս բարդ իրավիճակում որոշել է զբաղվել հեծանիվի «մեծարմամբ»:
Հարցը, թերևս, հռետորական է:
Վահրամ Բագրատյան
Comments