top of page

Փաշինյանն ուղիղ խոստովանել է՝ Արևմուտքը մեզ չի պաշտպանելու․ մանրամասներ՝ փակ հանդիպումից

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տարբեր շրջանակների, այդ թվում՝ իր սիրելի սորոսական ու արևմտամետ շրջանակների հետ, և խոստովանել, որ Արևմուտքից հույս չկա։ Ընդ որում, երկու օր իրար վրա է հանդիպումներ ունեցել ՀԿ-ների և պրոարևմտյան նմանատիպ այլ շրջանակների հետ։ 

MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումներից։ Նախ, հանդիպման մեխն ու Փաշինյանի առաջ քաշած հիմնական թեզը եղել է այն, որ Արևմուտքը կարող է մեզ փողով օգնել, բայց մեր տեղը չի պատրաստվում կռվել։ Իսկ պատերազմի հավանականությունը մեծ է։

Նա ասել է, որ ինքը արցախահայության բնակարանային կարիքները հոգալու և նրանց բերանը այդպիսով փակելու համար Արևմուտքից առնվազն 1 միլիարդ դոլարի չափ գումար է ուզել, բայց նաև նախապայման դրել, որ այդ գումարը, որ պետք է Հայաստանը ստանա մի քանի տարվա ընթացքում, ուղիղ մեր բյուջե մտնի: Սակայն, կարծես թե, Արևմուտքը մտադիր է փողը տալ, բայց ոչ ուղիղ, այլ USAID-ի և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի միջոցով։

Նա նաև խոսել է ապրիլի 5-ին նախատեսվող ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ այդ օրը հավաքական Արևմուտքը հանդես կգա Հայաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության օգտին հայտարարությամբ։ Փաշինյանը նաև ուղիղ հասկացրել է, որ Ադրբեջանի կողմից հավանական հարձակման դեպքում հույսներս պիտի դնենք մեզ վրա, քանզի ֆրանսիացին կամ ամերիկացին չեն գալու և չեն պաշտպանելու մեր հողերը, և լայնածավալ հարձակման դեպքում Ադրբեջանը կարող է գալ հասնել ընդհուպ Դիլիջան։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից հավանական սանկցիաներին՝ Լարսի փակում, գազի թանկացում և այլն, Փաշինյանն ասել է, որ Լարսին այլընտրանք կարող է լինել Թուրքիայի կողմից սահմանի բացումը, իսկ գազի ու տնտեսական այլ խնդիրների հաղթահարման համար էլ հույսը դրել է Արևմուտքի տված փողերի վրա, որով աշխատավարձ կբարձրացնեն, տնտեսական ծրագրեր կիրականացնեն, որ վերջապես Ռուսաստանից «անկախացած» և ավելի «ինքնիշխան» դարձած հայ ժողովուրդը այդ ամենի հետևանքով իր մաշկի վրա սոցիալական դժվարություններ շատ չզգա։ 

Մերձիշխանական շրջանակներից մեզ ասացին նաև, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանը 1918 թվականի Բաթումի պայմանագրով կրճատված սահմանների մեջ թողնելն է՝ 12.500 քառակուսի կիլոմետր, որը ներառում է Սևանը, Երևանը և Էջմիածինը։ Այսինքն՝ Սևանում լողանալու տեղ թողնեն, բայց չորանալու տեղ չթողնեն։ Եւ հիմա Փաշինյանն ուզում է անդադար զիջումներով ցույց տալ, որ ավելի լավ է մի երկու մետր էլ զիջենք, բայց պահպանենք մեր 29.000 քառակուսի կմ տարածքը, քան դառնանք 12.500 քկմ։ 

Վահե Մակարյան

bottom of page