top of page

Չեմ պատկերացնում, որ ակադեմիան կարող է վաղը չլինել. պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 3, 2024
  • 2 min read

Երբ առաջին անգամ այս դահլիճ ոտք եմ դրել լաբորանտի կարգավիճակով՝ երկչոտ էի,  վախեցած, որովհետև խոսքը Գիտությունների ազգային ակադեմիայի մասին էր: Այսօր, երբ արդեն ակադեմիկոսի կարգավիճակ ունեմ, չեմ կարողանում պատկերացնել, որ մենք պիտի խոսենք այն մասին, որ վաղը ակադեմիան կարող է չլինել: Սա ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով, թե՛ նախորդ, թե ՛ներկայիս իշխանությունների ժամանակ բարձրացվել է հարցը, թե ի՞նչ են ուզում իշխանությունները գիտությունից:

«Այո, գիտությունը պետք է արագ զարգանա, բայց չի կարելի այն քանդուքարափ անել, և նրանից պահանջել անհնարինը: Մենք դեմ չենք ակադեմիական քաղաքին, դուք սքարքե՛ք, մենք կգանք, կտեսնենք լողավազանները, մարզադաշտերը, Մասիսն էլ կերևա, ինչպես ցույց է տրվել ֆիլմում: Կթողնենք մեր շենքերը, կգանք, կաշխատենք այդտեղ: Բայց ինչպես մեր ընկեր Արեգ Միքայելյանն ասաց, մենք թերահավատ ենք այս հարցում, որովհետև մինչ ակադեմիական քաղաքը կա 2027 թվականի հունվարի 1-ից մեզ չֆինանսավորելու սպառնալիքը»,-պարզաբանեց Աշոտ Մելքոնյանը:

Նա պատմեց, որ իրենց ստացած գրության մեջ ասվում էր, որ այն կառույցները, որոնք չեն միանա ԲՈՒՀ-երին, 2027 թվականի հունվարի 1-ից չեն ֆինանսավորվի: Պատմական գիտությունների դոկտորը վստահ է՝ եթե Կառավարությունն այդ տարբերակով  է որոշել  ակադեմիան միացնել ԲՈՒՀ-երին, նշանակում է, որ ցանկանում է  վերացնել այն ակադեմիան, որը ստեղծել են Հովսեփ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը:

Խոսելով ԳԱԱ-ի կարևորության մասին, Աշոտ Մելքոնյանը մի դեպք հիշեց, երբ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի հետ մտնում էին ակադեմիայի շենք, նա գլխարկը հանում էր և ասում, որ  գլուխ է խոնարհում ակադեմիայի առաջ՝ որպես մի կաճառի, որը մեր ազգային արժեքներից մեկն է:

Անդրադառնալով գիտաշխատողների ատեստավորման մասին որոշմանը, Աշոտ Մելքոնյանը  նշեց, որ դա ահասարսուռ որոշում է, որի նպատակն է մինչ 2027 թվականը ազատվել ակադեմիայի աշխատակիցների մեծագույն մասից:

«Ի՞նչն է իմաստը, ասում են սկոպուսային ամսագրերում պիտի ունենաք հրապարակումներ, եթե 2 տարվա ընթացքում չանեք, դուրս եք մնում: Այսինքն գիտաշխատողը, որը հարյուրավոր այլ հրապարակումներ ու գրքեր ունի, սակայն սկոպուսային ամսագրերում հրապարակում չունի, ստիված է լաբորանտ աշխատել»,-պարզաբանեց Աշոտ Մելքոնյանը:

bottom of page