Հասարակությունը կփլուզվի առանց այս երկու կարևոր սյուների՝ ճշմարտություն, որը կոչվում է նաև իրավունք և արդարություն․ Բագրատ Սրբազան
Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«․․․ Տերն ասում է․ «Պահպանեցե՛ք իրավունքը (կամ ճշմարտությունը) և կատարեցե՛ք արդարությունը»։ Ճշմարտությունը և իրավունքը պահեք և արդարությունը կատարեք։ Մարդու կյանքի ամբողջ պատմությունը, ամբողջ ժամանակահատվածը՝ մեր ծննդյան օրից մինչև մեր մեկնումի օրը, ճշմարտության և արդարության մասին է, այդ պայքարի մասին է։
Հասարակությունը կփլուզվի և փլուզվում է, երբ այս երկու կարևոր սյուները չկան՝ ճշմարտությունը, որը կոչվում է նաև իրավունք և արդարությունը։
Երբ տկարանում են այս սյուները, երբ գոյություն չունեն, կյանքը խառնվում է իրար։
Եվ մեր Տերն ասում է․ «Եթե այս երկուսը պահեք, ձեզ կլինի և՛ բարիք, և՛ ողորմածություն, և եթե ոչ, ո՛չ ողորմածությունը կլինի և ո՛չ էլ բարիքը»։
Մեր այսօրվա կյանքի պատկերը ՝ ճշմարտությունից զրկված և արդարությունից տկարացած, հենց դրա մասին է։
Բացակայում է՝ գաղափարական իմաստով, այդ մեծ՝ արդարության ձգտումը, ճշմարտության ձգտումը․․․»։