Ադրբեջանցուն էքսկուրսիա են տարել․ «Հրապարակ»
- Elen Hovsepyan

- Sep 26
- 1 min read

«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։
Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երևանի փողոցներում:
Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։
Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը»:




















