top of page

ԱՆԻՖ-ում չարաշահումների գործով դեռ մեղադրյալ չկա

ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ ստեղծվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը), իսկ 2024 թ. օգոստոսի 29-ի նույն կառավարության որոշմամբ, սկսվում է Ընկերության լուծարման գործընթացը։ 

2022-2023 թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 

Panorama.am-ը հարցեր էր ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, թե արդյո՞ք Քննչական կոմիտեում կա հարուցված վարույթ ենթադրյալ չարաշահումների, հափշտակությունների դեպքերով, որքա՞ն է կազմում հասցված վնասը, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվե՞լ է, կա՞ն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, արդյո՞ք ընկերության լուծարման պատճառով քրեական վարույթը կկարճվի։

ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ Ս.Հարությունյանը պատասխանել է. 

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (ԱՆԻՖ) պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված, այսինքն՝ իրենց տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ 

Նախաքննության տվյալ փուլում քրեական վարույթով որևէ անձ չունի մեղադրալի կարգավիճակ, իսկ պատճառված վնասի պարզման ուղղությամբ իրականացում է նախաքննություն։ 

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության  լուծարումը քրեական վարույթի կարճման հիմք չի կարող հանդիսանալ»։ 

Հիշեցնենք, որ օգոսոստի 31-ին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ԱՆԻՖ-ում եղել են ձախողումներ՝ ասելով, որ ընթանում են ուսումնասիրություններ։

Հիշեցնենք նաև, որ  2019-ից մինչև 2023 թ. նոյեմբեր, տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։ Երբ 2023-ի հոկտեմբերին ընտրվել էր Երևանի քաղաքապետ, նրա լիազորությունները որպես ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ դադարեցվել էին։ ԱՆԻՖ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում էին պետությանը։ 

bottom of page