Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին։
«6-րդ տարին է լրացել Իգոր Մուրադյանի՝ այս աշխարհից մեկնումի։ Մեր մտքերն անընդհատ հետ են գնում 1988 թվականը․ թվում էր՝ ոչինչ չի պատահել մեր տարածաշրջանում, երկրում, կյանքում։ Հանկարած մթնոլորտը պայթեց Արցախյան ազատամարտի այն առաջին սերմերով, որի հիմնադիրներից մեկը Իգոր Մուրադյանն էր։
Մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց այդ ազատամարտին, պայքարին եթե ոչ գործնական առումով, ապա գաղափարապես՝ դառնալով այդ ազատամարտի սիմվոլներից մեկը։
Դժբախտաբար, այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունն այսօր գողացված իրականության մեջ է։ Սակայն երբեք էլ մեզ համար նահանջի, ընկրկումի ճանապարհ չի կարող լինել, քանի որ այսօրվա ողջ աղետը, դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանն իր խոսքում նաև նշեց. «Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած։ Ես անձնապես այդպես եմ զգում, ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը։
Ընդհակառակը, այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք, հավատարմություն ունենք, նաև հավատք ունենք և շարունակելու այդ հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին իրենց ընծալելու համար»։
Սրբազանը նաև դիմեց զոհված զինծառայողների ծնողներին. «Դու մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։
Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք։
Օրհենք մեզ, որպեսզի գա այն օրը, որպեսզի էլ ամոթով չմտնենք Եռաբլուր, կարողանանք բաց աչքերով նայել մեր տղաներին, իրենց առջև ծնկի գալ ու ասել՝ ձեր առջև ուխտ կնքած, հավատարամության երդում տված լինելով, ինչ-որ չափով կարողացանք ձեր ճանապարհի հաղթանակի և երազի տեսիլքը վերադարաձնենք առաջինը ձեզ»։