top of page

Համաշխարհային առաջնորդները արձագանքել են Թրամփի մահափորձին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 14, 2024
  • 2 min read

Աշխարհի քաղաքական առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մասին լուրին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն առաջին արձագանքողներից էր, հայտնում է USA Today-ը։

Ըստ Նաթանյահուի, ինքը և իր կինն աղոթում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար։

«Ես և Սառան ցնցված էինք նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից։ Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,- գրել է Իսրայելի վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես շտապել է իր աջակցությունը հայտնել ԱՄՆ նախկին նախագահին, որին նա հանդիպել էր ընդամենը օրեր առաջ Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում:

«Իմ մտքերն ու աղոթքները նախագահ Դոնալդ Թրամփի հետ են այս մռայլ ժամերին»,- գրել է Օրբանը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այս առիթով դատապարտել են  քաղաքական բռնության բոլոր ձևերը:

Սթարմերն X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ «ցնցված է» մահափորձից և որ իր «լավագույն մաղթանքներն» է հղում ԱՄՆ նախկին նախագահին և նրա ընտանիքին։

 «Սա չի կարելի գերագնահատել. քաղաքական բռնությունն անընդունելի է», - գրել է Թրյուդոն սոցիալական ցանցերում: «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»:

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ բռնությունը սպառնալիք է ժողովրդավարության համար:

«Չիլիի անունից ես միանշանակ դատապարտում  եմ այն, ինչ տեղի ունեցավ այսօր Միացյալ Նահանգներում։ Մենք նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուտափույթ ապաքինման, փաստերի պարզաբանման և արդարադատության հաղթանակի հույս ունենք»,- գրել է Բորիչը։

Թրամփի դեմ մահափորձին արձագանքել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ես խորապես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի նախընտրական հանրահավաքում հրաձգությունից։ Մաղթում եմ Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում... Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ»,- ասել է նա։

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ցնցված է Թրամփի վրա հարձակման լուրից։

«Հերթական անգամ մենք ականատես ենք լինում քաղաքական գործիչների նկատմամբ անընդունելի բռնությունների»,- ասել է նա։

Միջադեպին արձագանքել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նման բռնությանն արդարացում չկա, այն տեղ չունի աշխարհում։ Բռնությունը երբեք չպետք է գերիշխի»,- նշել է Զելենսկին։

1/2119
bottom of page