top of page

Մենք անցնում ենք փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով ու հասնելու ենք մեր ավետյաց երկրին. Փաշինյանի ուղերձը՝ Սարդարապատից

Առաջին Հանրապետությունը որքան էլ երազած էր՝ երկար կյանք չունեցավ, ընդամենը երկու տարի. այսօր Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա պատճառներից մեկը թերևս այն էր, որ երբ ասում ենք հայ ժոովրդի երազանք՝ հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները, երբ ասում ենք ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանություն, և երբեմն ժողովրդին կառավարվող և թելադրվող զանգվածի դեր է վերապահվում՝ հնազանդ, հպատակի դերակատարում։ Բայց հանրապետությունը ժողովրդի մասին է։ Պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից՝ քաղաքացուց»,-ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն։

«Բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում, այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր ավետյաց երկրին, մեր ավետյաց հանրապետությանը»,-ասաց Փաշինյանը։

Այնուհետև ՀՀ օրհներգը հնչեց, սկսվեց զինվորական հանդիսավոր երթը։

Վարչապետը ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ ծաղիկներ խոնարհեց Սարդարապատի հերոսամարտի հուշակոթողին։

Comments


1/1765
bottom of page