Հարկերից խուսափելու հատկանիշներով քրվարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ.-ին, «GG» ընկերության հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ
«GG» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։
Այս տեսանկյունից քրեական վարույթը «GG» ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։