«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել էր 2007 թվականին` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն էր Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն իրականացրել է Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ եւ դրամներ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ թեեւ Արցախն այլեւս չկա, եւ, ըստ Արցախի իշխանության, վերացվել են բոլոր փաստերը, այնուամենայնիվ, նրա ձեռքում են հայտնվել այդ գումարները տարօրինակ կերպով շրջանառելու փաստեր։ Նա բացահայտել է կոռուպցիոն գործընթացներ պարունակող մի շղթա, ըստ որի՝ վերը նշված՝ Արցախի ներդրումային հիմնադրամին Հայաստանի հարկատուների կողմից կուտակված եւ փոխանցված գումարները մսխվել են Բրիտանական կղզիներում գրանցված եւ շվեյցարական բանկի օվշորներում գտնվող ընկերությունների կողմից:
Այսպիսով, Մարինա Պողոսյանի ներկայացմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամից 467 մլն դոլարի յուրացում է եղել։ Այսինքն՝ 467 մլն դոլար, որը կուտակվել է ՀՀ հարկատուների գումարներից, օգտագործվել է հիմնականում 46-47 ընտանիքի կողմից։
Մարինա Պողոսյանը Արցախի իր գործընկերների հետ միասին հետաքննություն է անցկացրել, որով պարզվել է հետեւյալը․ «Հետաքննությունն ունի մի քանի էպիզոդ, որից առաջինը վերաբերում է «Իմաստ» ՍՊԸ-ին, որն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին, եւ 100% բաժնեմասը պատկանել է Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանին։ Ընկերությունը գրանցվել է 2006 թվականին, սակայն ֆինանսական շրջանակի մեջ մտել է ավելի ուշ։ Ֆինանսական բուրգը սկսվել է կառուցվել, երբ նշված ընկերության 75% բաժնեմասը փոխանցվել է ոմն Նարինե Հովհաննիսյանին։ 2017 թվականին ընկերության անունը փոխվում է, շրջանառությունը սկսվել է՝ դառնալով «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ, ապա 2016 թվականին կրկին փոփոխվում է՝ այս անգամ դառնալով «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ։
Բրիտանական օվշորում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի 75% եւ «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի 37,6% բաժնեմասերը պատկանում են շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին։ «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ն Արցախի ՀԷԿ-երն աշխատեցնող ընկերությունն է եղել։ Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է եւ «Արմսվիսբանկի» սեփականատերը։ Հենց Սրմաքեշի շուրջ էլ ձեւավորվել է կասկածելի շրջանակը։
2017 թվականին «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում ավելանում է Կարեն Նարիբի Բախշյանը, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին է եւ այս ընկերությունում դառնում է 75%-ի բաժնետեր։ 2017 թվականի սեպտեմբերին 50% բաժնեմասն անցնում է Արգամ Հովիկի Աբրահամյանին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն։2018 թվականին «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկում կրկին փոփոխություն է տեղի ունենում, եւ ավելանում է եւս մեկ բաժնետեր՝ Գեւորգ Արամայիսի Մաչանյանը։
Ո՞վ է նա, եւ ինչպե՞ս է հայտնվել այս շրջանակի վերջնակետում․ Մաչանյանը «Արմսվիսբանկի» գործադիր տնօրենն է՝ կառավարիչը։ Ստացվում է, որ այս ֆինանսական օղակի կարմիր թելը Վարդան Սրմաքեշի ձեռքում է։
Այս գումարները չնչին տոկոսով փոխանցվել են նշված ընկերություններին որպես վարկ, սակայն օգտագործվել են ոչ թե պետականաշինության համար, այլ գուցե սեփական գրպանի»։
Մարինա Պողոսյանը հոկտեմբերի 19-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն եւ պնդում է, որ այս գործով նախաքննական մարմինը ոչինչ չի արել, եւ 5 ամիս է՝ իրեն հարցաքննության չի կանչել։
Ստացվում է, որ ՀՀ-ից ամեն տարի կառավարության որոշմամբ Արցախին փոխանցված դրամներով ու դոլարներով, որ պիտի Արցախը շենանար, շենացավ օլիգարխների շարասյունը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի իրավապահները մատը մատին չեն տալիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում