«Արևելյան գործընկերությունը» Արևմուտքի «soft power»-ն է հետխորհրդային տարածքում

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում: Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Ծրագրին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրն ունի գեոպոլիտիկ ենթատեքստ և տարբեր կերպ է ընկալվում Արևմուտքում և ՌԴ-ում:
Արևմուտքն այդ ծրագիրը ներկայացնում է որպես հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, էներգետիկ կապերի խորացման և համագործակցության հարթակ, իսկ Մոսկվան այն ընկալում է որպես ՌԴ-ի սահմանների երկայնքով հակառուսական բուֆերային գոտի ստեղծելու և տվյալ երկրները՝ ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և դեպի ԵՄ ու ՆԱՏՕ ուղղելու ծրագիր: Քանի որ Արևմուտք-ՌԴ հարաբերությունները սրվել են՝ հատկապես ուկրաինական ճակատում և կարելի է ասել նոր «սառը պատերազմ» է ընթանում Արևմուտքի և ՌԴ-ի միջև, տվյալ ծրագիրը միշտ կրելու է գեոպոլիտիկ ենթատեքստ և ծրագրի ընդլայնումը Մոսկվայում ընկալվելու է որպես ՌԴ-ի շահերին հակասող ռազմավարություն:
Արևմուտքի համար «Արևելյան գործընկերությունը» հետխորհրդային տարածքում ազդեցության ընդլայնման գործիք է, «soft power» և եթե հաշվի առնենք, որ ծրագրի անդամ Վրաստանն և Ուկրաինան իրենց արտաքին քաղաքականության մեջ շրջվել են դեպի ԵՄ և ՆԱՏՕ՝ Մոսկվայի մտահոգություններն ունեն պատճառներ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի անդամ-երկիր, Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ Արցախում՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը: Հայաստանի համար այդ հարթակը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման, ներդրումներ ներգրավելու ծրագիր է:
Արևմուտքը չպետք է Հայաստանին դնի երկընտրանքի առջև՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների սառեցում՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման դիմաց: Հայաստանը վարում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն՝ ռազմավարական առումով դաշնակցելով ՌԴ-ի հետ, սակայն ԵՄ-ի հետ կապերի խորացումը նույնպես համարելով առաջնահերթություն:
Բրյուսելում շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է ՌԴ-ի հետ՝ հատկապես տնտեսական և անվտանգային առումներով և չի ակնկալում, որ Հայաստանը կրկնելու է Ուկրաինայի և Վրաստանի փորձը՝ 180 աստիճանով շրջվելով դեպի Արևմուտք՝ խզելով կապերը Մոսկվայի հետ:
Իր հերթին, Մոսկվան պետք է գիտակցի, որ այդ ծրագրին Հայաստանի մասնակցությունը կրում է ավելի շատ ֆորմալ բնույթ՝ նպատակ ունենալով ԵՄ-ից ստանալ ներդրումներ, տնտեսական աջակցություն և պահպանել արտաքին քաղաքականության մեջ որոշակի բալանս և ուղղված չէ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային, ռազմա-քաղաքական սերտ կապերի դեմ:
Արտյոմ Բալասանով




















