Մանդատներից պետք է հրաժարվել մի քանի պատճառով, նաև նախկին փորձը հաշվի առնելով. Գևորգ Դանիելյան
- 4 hours ago
- 2 min read

«Հարցն ունի և իրավական, և քաղաքական ասպեկտներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ պետք է անեն ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերը, արդյո՞ք նպատակահարմար է չվերցնել մանդատները։
Ըստ նրա, սկզբունքորեն չկա համընդհանուր մոտեցում։
«Իմ խորին համոզմամբ, մանդատներից պետք է հրաժարվել։ Պատճառները հետևյալն են. նախ տեղի են ունեցել ակնհայտ և բազմածավալ խախտումներ, դրանց բողոքարկումն արդեն իսկ կանխատեսելի է դարձնում արդյունքները՝ հաշվի առնելով նախորդ փորձը։
Կամ, ընդունենք, բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերը վերցնում են մանդատներն այն բացատրությամբ, որ իրավական խնդիր են լուծում, նախագծեր կարող են ներկայացնել, մասնակցել քննարկումներին։ Դարձյալ պետք է հիմք ընդունել պրակտիկ իրավիճակը. այս քաղաքական ուժը բազմիցս ապացուցել է, որ իր համար ընդդիմություն գոյություն չունի՝ խորհրդարանական ընդդիմության որևէ նախագիծ քննարկման չեն ընդունել, եղել են դեպքեր, որ իրենք նույն նախագիծը 1-2 ամիս անց չնչին փոփոխությամբ ներկայացրել են որպես սեփական նախաձեռնություն, բայց իրենց համար սկզբունքի հարց է եղել, որ այդ նախագիծը չփոխկապակցվի որևէ ընդդիմադիր ուժի հետ, որևէ ընդդիմադիր ուժ խորհրդարանում չպետք է իրեն կարողանա դրսևորել որպես լիարժեք քաղաքական ուժ։ Ճիշտ հակառակը։
Երբեմն եղել են նաև բռնություններ, բախումներ իշխանության և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Ցավոք, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարող են իրենց համար կանխատեսելի դարձնել, թե ինչ է իրենց սպասվում՝ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ չեն կարող, հարցեր կարող են տալ, բայց երբևէ չի հնչի այդ հարցի պատասխանը, 5 տարի շարունակ իրենք հարցեր կտան և կարժանանան մեղադրանքների»։
Գևորգ Դանիելյանն ընդգծեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելն իրավական հետևանքներ չեն առաջացնի. «Ազգային ժողովը կարող է մեկ քաղաքական ուժով գործել։ Երբ խոսում ենք, որ առնվազն երեք քաղաքական ուժ պետք է մտնի խորհրդարան, նկատի ունենք, որ տրվում է իրավական, սահմանադրական հնարավորություն, բայց պարտադիր չէ։ Տարրական իրավաքաղաքական մշակույթը ենթադրում է, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որ ունենա իրեն ընդդիմադիր ուժեր, քաղաքական ուժեր, որոնց հետ կարող է համագործակցել, որոնք հարկ եղած դեպքում կմատնանշեն սխալները, քանի որ սխալները հնչեցնում են ոչ թե իրենց համակիրները, այլ ընդդիմադիրները»։
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն ասաց, որ մանդատներից հրաժարվելու դեպքում իրավաքաղաքական առումով կառաջանա ճգնաժամ։
«Բոլոր դասական, իրավաքաղաքական չափանիշներով դա կհամարվի ոչ լեգիտիմ։ Իհարկե, իրենք կարող են ընդունել օրենքներ, բանաձևեր, անել հայտարարություններ, նաև արտաքին լեգիտիմության տեսանկյունից, որոշ ուղղվածության շրջանակներում կողջունվի, կգնահատվի, բայց, իհարկե, ոչ բոլոր արտաքին քաղաքական վեկտորների կողմից։
Ցավոք, մենք չպետք է ականատես լինել մի իրավիճակի, երբ արտաքին լեգիտմությանը շատ ավելի մեծ նշանակություն է տրվում, քան ներքին լեգիտիմությանը, մինչդեռ վճռորոշը պետք է լիներ հենց ներքին լեգիտիմությունը»։
Նա ընդգծեց, որ առավել նպատակահարմար է չօրինականացնել, չլեգիտիմացնել մի քաղաքական ուժի գործունեություն, որը, ցավոք, որևէ նեղություն չքաշեց, որպեսզի հնարավորություն սահմաններում բոլոր քայլերը լինեն կասկածից վեր։
Գևորգ Դանիելյանը հնարավոր համարում է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը. «Դա մեզ այս պահին չի հաջողվում, որովհետև, իսկապես, արտաքին ուժերի՝ Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա և այլն, բացասական ներգործությունը չափազանց մեծ է»։
Գևորգ Դանիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։




















