ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
- 1 hour ago
- 2 min read

Այսօր SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ-Մուլլան այցելել են Երևանում կառուցվող Emarat-ի առաջին լցակայանի շինարարական հրապարակ։ Նրանք ծանոթացել են կատարվող շինարարական աշխատանքներին, նախանշել շահագործման հանձնելու ժամկետները։ Շրջայցին մասնակցել են նաև SIL Capital-ի գլխավոր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը և MegaTrade–ի տնօրեն Կարեն Հայրիյանը։
Դեռևս անցած տարվա աշնանը SIL Capital-ի առաջատար ընկերություններից MegaTrade-ի և Emarat-ի միջև ստորագրված պայմանագրով ամուր հիմք էր դրվել Հայաստանում Emarat ապրանքանիշի սպասարկման կայանների համազգային ցանց ստեղծելու և կառավարելու ծրագրին։
Այդ ծրագիրը, որով ԱՄԷ պետական բրենդը ներկայացվելու է Հայաստանում, արդեն գործնական արդյունք է գրանցում։
«Մենք իրականացնում ենք Հայաստանի վառելիքաէներգետիկ շուկայի համար կարևոր նախագիծ, որը ենթադրում է միջազգային փորձի, որակի, անվտանգության և սպասարկման նոր մշակույթի ներդրում։ Հարկ է նշել, որ այս գործակցության հաջողությունը պայմանավորված է նաև տիկին դեսպանի հետևողական աշխատանքով՝ միտված մեր երկու երկրների կապերի շարունակական ամրապնդմանը»,–նշել է SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։
Emarat-ի համահայաստանյան ցանցի առաջին լցակայանի բացումը նոր չափանիշներ է սահմանելու Հայաստանի էներգետիկ ծառայությունների ոլորտի զարգացման համար։ Այս գործակցությունը երկու երկրների միջև մասշտաբային և կայուն համագործակցության մոդել է, որը վերաձևելու է ոչ միայն հայաստանյան, այլ նաև տարածաշրջանային շուկան։
Emarat Petroleum-ի մասին
Emirates General Petroleum Corporation (Emarat)-ը հիմնադրվել է 1981 թ․ ԱՄԷ կառավարության կողմից։ Այսօր Emarat-ը համարվում է երկրի նավթագազային ոլորտի առաջատարներից մեկը և սպառողներին առաջարկում է բարձրորակ վառելիք, քսանյութեր, ավտոլվացման առաջադեմ համակարգեր, նավթամթերքի պահեստավորման ու լոգիստիկայի լուծումներ։
Emarat-ը ներկայումս ամենահուսալի էներգետիկ բրենդերից է ԱՄԷ-ում՝ համատեղելով որակը, նորարարությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
MegaTrade-ի մասին
2020 թվականին հիմնադրված MegaTrade ընկերությունը վառելիքաէներգետիկ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով որակյալ բենզին և դիզելային վառելիք։ Ընկերությունը Հայաստանում զարրգացրել է բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը։ Կազմակերպության գործունեության կարևոր ոլորտներից է նաև բիտումի ներմուծումն ու արտադրությունը։ 2022 թ․ MegaTrade-ը գնեց Սուրենավանի բիտումի գործարանը, որը տարածաշրջանի ամենամեծն է։
SIL Capital-ի մասին
SIL Capital ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ․ Սուքիասյան ընտանիքի կողմից։ Ընկերությունն իրականացնում է տասից ավելի բիզնեսների ռազմավարական կառավարում՝ ֆինանսների, ավիացիայի, նավթամթերքի վերամշակման ու վաճառքի, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Այսօր SIL Capital-ը Հայաստանի տնտեսության մեջ առանձնանում է որպես խոշոր ներդրումային խաղացող՝ նպաստելով ազգային բիզնես միջավայրի զարգացմանը և միջազգային կապերի ընդլայնմանը։ MegaTrade-ը, լինելով SIL Capital-ի պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը, խորհրդանշում է խմբի ռազմավարական ուղղվածությունը դեպի էներգետիկայի և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում։




















