Օրհասական պահերին համախմբվել ենք հենց Ս․ Էջմիածնի շուրջ համոզմամբ՝ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց. Զաքարիա Սրբազան
- 2 hours ago
- 2 min read

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչկան կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։
Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավորներ:
Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Սուրբ Էջմիածնի խորհրդին՝ նշել է․ «Դարերի հոլովույթում Մայր Տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում։ Մեր նախնիներն այս տաճարն ընկալել են որպես միասնության խորհրդանիշ, ազգահավաքի կենդանի աղբյուր և ապրել հայոց պետականության վերականգնման, պահպանման և զորացման քաղցր երազով։ Այն ոչ միայն աղոթավայր է, այլ մեր հիշողության պահոցը՝ ապահովելով մեր «փոքր ածու»-ի ազգային կենսունակությունն ու շարունակականությունը։
Ս․ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ: ․․․ Համբուրելի այս անունը սիրելի է մեզ համար, որովհետև աստվածապարգև Էջմիածինը մենք ենք։ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել։
Օրհասական պահերին համախմբվել ենք հենց Ս․ Էջմիածնի շուրջ այն հաստատ համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց։ Հետևաբար Ս․ Էջմիածնի տոնը պարզապես պատմական մի դեպքի հիշատակություն չէ, այլ համազգային և անձնական կոչ՝ վերանորոգելու մեր կյանքը, հավատը, ինքնաճանաչվելու, ամուր կառչելու մեր ինքնությանը, որպեսզի չկորչենք փոփոխական և մարտահրավերնելով լի այս աշխարհում»։
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք։
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար։




















