top of page

420 ձերբակալություն և միլիարդավոր եվրոյի վնաս. Ի՞նչ արժեցավ կլիմայի փոփոխությունը Եվրոպայում

  • 4 hours ago
  • 2 min read

Շատերը տարակուսում են՝ ինչո՞ւ են այս տարի Ֆրանսիայում անտառային հրդեհները ավելի շատ վնաս հասցրել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր որևէ այլ ժամանակահատվածում։

Հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունն է, ջերմաստիճանը միայն բարձրանում է։ Սակայն ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ Ֆրանսիայում 10 անտառային հրդեհներից 9-ը մարդկանց պատճառով են բռնկվել։ Փարիզի իշխանությունները փորձում են մեղքը բարդել ցանկացածի վրա, չնայած որ իշխանությունները  մեղադրվում են աղետին ոչ պատշաճ պատրաստ լինելու մեջ։

BBC-ի փոխանցմամբ   ՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դիտավորյալ կամ անզգուշությամբ հրդեհելու կասկածանքով 420 մարդ է ձերբակալվել, որոնցից 166-ն անչափահասներ են։

Որոշ գործերով արդեն դատավճիռներ են կայացվել։ Հարավ-արևելյան Վար շրջանում 23-ամյա տղամարդուն մեղադրել են հինգ օրվա ընթացքում դիտավորյալ տասը հրդեհի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և 150 հազար եվրոյի տուգանք։ Վոգեզ շրջանում մեկ այլ տղամարդ երեք տարվա ազատազրկման է դատապարտվել երեք հրդեհի առաջացման համար։ Այս հետապնդումը ընկալվել է որպես ծանր և անարդար։ Ըստ հաղորդումների՝ անօթևան տղամարդը և ծանր աուտիզմով մի մարդ դատապարտվել են ազատազրկման՝ ծխախոտի մնացորդներ նետելու համար։ Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել՝ միասնական լինել և չքննադատել։

Անտառային հրդեհները, սակայն, Եվրոպայի համար միայն իրավապահ կամ բնապահպանական խնդիր չեն։ Այս տարվա շոգն ու երաշտը արդեն զգալի տնտեսական վնասներ են հասցրել տարբեր ոլորտների՝ էներգետիկայից և տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։

Եվրոպայում ռեկորդային ջերմաստիճաններն ու ջրի պակասը խաթարել են Հռենոս և Դանուբ գետերով բեռնափոխադրումները։ Ջրի ցածր մակարդակի պատճառով նավերի երթևեկությունը սահմանափակվել է, ինչը դժվարացրել է վառելիքի և այլ ապրանքների տեղափոխումը։ Միաժամանակ մի շարք ատոմային գեներատորներ ստիպված են եղել կրճատել կամ դադարեցնել արտադրությունը՝ հովացման խնդիրների պատճառով։

Հարված է ստացել նաև գյուղատնտեսությունը։ Շոգն ու երաշտը նվազեցրել  են ակնկալվող բերքի ծավալները,  իսկ ուշ հավաքվող մշակաբույսերը, այդ թվում՝ եգիպտացորենն ու արևածաղիկը, արդեն զգալի վնասներ են կրել։

Հետևանքները զգացվել են նաև մարդկանց առօրյայում։ Ծայրահեղ շոգը նվազեցրել է աշխատանքի արտադրողականությունը, ավելացրել է առողջապահական ծախսերը և բարձրացրել է մահացության ռիսկը։ Միաժամանակ կառավարությունները ստիպված են ավելի շատ միջոցներ հատկացնել հրդեհների դեմ պայքարին, արտակարգ իրավիճակների կառավարմանը և ենթակառուցվածքների հարմարեցմանը նոր կլիմայական պայմաններին։

Տուժում է նաև զբոսաշրջությունը։ Եթե Հարավային Եվրոպայում ամառային ջերմաստիճանները շարունակեն հասնել ծայրահեղ մակարդակների, զբոսաշրջիկների մի մասը կարող է ընտրել ավելի զով ուղղություններ։ Դա հատկապես կարող է հարվածել Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հարավային շրջանների տնտեսություններին։

Շոգը միաժամանակ նպաստել է սննդամթերքի գների աճին։ Բերքի կորուստները, ջրի պակասը և մատակարարման շղթաների խափանումները կարող են լրացուցիչ գնաճային ճնշում ստեղծել այն ժամանակ, երբ Եվրոպայի կենտրոնական բանկն արդեն պայքարում է գնաճը վերահսկելու համար։


 
 
1/3014
bottom of page