Ռшզմшկшն գազանանոց ոնց որ լինի՝ ամուրյան վագր, աֆրիկյան փիղ. Խաչատրյանը՝ զենքի գնումների մասին
- 4 hours ago
- 1 min read

«Ռազմական բնագավառում տարած հաղթանակների արդյունքում առաջարկվել էին կարգավորման տարբերակներ, որոնք ենթադրում էին Արցախի Հանրապետության կամ անկախությունը հանրաքվեի միջոցով, կամ էլ Հայաստանի հետ միավորումը՝ Քիվեսթյան փաստաթղթով, որը, չգիտես ինչու, ձեր իշխանության մոտ չկար, և փոխարենը տպել եք մի հատ թղթի կտոր»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ առաջանում են մի շարք հարցեր։
«Խախտելով բանականության բոլոր օրենքները՝ եթե չկար, ինչպե՞ս գիտեք, որն էր բովանդակությունը, եթե կար, ուրեմն այդ բովանդակությունը տպեիք»,- նշել է պատգամավորը։
Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերմանը հատկացվող միջոցներին և 2020 թվականի պատերազմից հետո ռազմական ներուժի վերականգնման անհրաժեշտությանը։
«Ասում եք՝ մեր իշխանության օրոք այդքան գումար է հատկացվել սպառազինությունների ձեռքբերմանը։ Մեր զենքի էական պաշարը կորավ 2020 թվականի պատերազմում, անցավ Ադրբեջանին»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է հաշվարկել պատերազմի հետևանքով կորցրած սպառազինության ծավալը և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կորուստները լրացնելու համար։
«Մենք պետք է հասկանանք՝ կորցրածը լրացնելու համար ինչքան միջոցներ պետք է գնենք։ Համեմատեք՝ ինչքան ենք կորցրել և ինչքան է կազմում ռազմական բյուջեն»,- ասել է Խաչատրյանը։
Նա խնդրահարույց համարեց նաև Հայաստանի կողմից տարբեր երկրներից սպառազինությունների ձեռքբերման մոտեցումը՝ նշելով, որ արդյունքում ձևավորվում է միմյանցից տարբեր զինատեսակների համակարգ։
«Մյուս խնդիրը՝ զենքը, որ առնում ենք, գիտե՞ք՝ մի տեսակ ռազմական գազանանոց ոնց որ լինի։ Զենքը, որ գնել ենք՝ հնդկական, իրանական, ֆրանսիական, ռուսական։ Միգուցե առանձին լավագույնն են, բայց պատահական չեն, չէ՞, ՆԱՏՕ-ի ստանդարտ, Վարշավյան համաձայնագրի ստանդարտ»,- նշել է պատգամավորը։
Խաչատրյանի խոսքով՝ սպառազինության ձեռքբերման արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն առանձին զինատեսակների որակով, այլև ամբողջական ռազմական համակարգի համատեքստում։
«Արդյո՞ք այդ զենքերը, որ գնվել են, ամբողջական պատկերի մեջ են գտնվում և հնարավորություն են տալիս մատակարարման հարցերը լուծել, փոխինելիության հարց լուծել, համատեղելիության հարց լուծել»,- հարցեր հնչեցրեց Արթուր Խաչատրյանը։




















