top of page

Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին

8 hours ago
2 min read

Վերջին տարիներին ես ինչի մասին խոսում եմ, այդ խոսակցությունը իրական Հայաստանի գաղափարախոսության մասին է՝ անկախ նրանից, թե ինչ վերնագիր է դրված, ինչ միջոցառում է, կոնկրետ ինչ թեմա է քննարկվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք որպես ժողովուրդ կարող ենք ունենալ, չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները, բոլոր նպատակները, պատկերացումները կապված են և պետք է կապված լինեն պետության, Հայաստանի Հանրապետության հետ, նրա հարատևության տեսլականի հետ։ Պետության հարատևության տեսլականը հետևյալն է, որ մենք պետությունը պետք է զարգացնենք և այն դարձնենք իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, և այդ գործիքը պետք է սերնդեսերունդ փոխանցենք։ Հայաստանը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Բայց՝ հաշվի առնելով այն բանավեճերը, որոնք մեկնարկել են, երբ առաջին անգամ խոսել եմ «իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, մենք ուշադիր լսում ենք այդ քննադատությունները և փորձում ենք արձագանքել այդ քննաատությանը։

Շատերն են քննադատում, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նպատակ ունի նենգափոխել, փոխել մեր ինքնությունը։ Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ, այլը ընդհակառակը՝ համոզված ենք, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պահպանելու և պաշտպանելու մասին է։ Ես արդեն ասացի, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է, բայց պետությունը մեր ինքնության մասին է իրականում։ Մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է։

Ինչ ենք հասկանում հայ ասելիս, երեք հիմնական գործոն կա, որ մենք մտաբերում ենք հայ ասելով։ Մեկը քրիստոնեությունն է, մյուսը Հայ առաքելական եկեղեցին, և երրորդը՝ մեր գրերը ու լեզուն։ Ես չհիշատակեցի պետությունը։

Շատ է ասվում, որ հայերը առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն են։ Նման բան չկա, հայերը առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդը չեն, հայերը առաջինը քրիստոնեություն ընդունած պետությունն են։ 301 թվականին մեր Տրդատ 3–րդ թագավորը որոշել է, որ մենք քրիստոնյա ենք։ Մենք քրիստոնյա դարձել ենք պետական որոշմամբ։

Երկրորդը, ինչո՞ւ է Հայ առաքելական սուրբ եկեղեցին անկախ եկեղեցի։ Սրա համար կա ընդամենը մեկ պատճառ, 373 թվականին, երբ Ներսես կաթողիկոսը վախճանվեց և խնդիր էր առաջացել նոր կաթողիկոս ընտրելու, Պապ թագավորը մի պարզ հարցադրմամբ հանդես եկավ՝ ինչո՞ւ մենք չպետք է մեր կաթողիկոսին ընտրելու հնարավորություն չունենանք։ Մինչ այդ մեր եպիսկոպոսապետը ձեռնադրվում էր Կեսաիայում, այսինքն Բյուզանդական կայսրության կողմից։ Պապ թագավորը ներքին ու արտաքին շատ լուրջ դիմադրություններ հաղթահարելով, ի վերջո, արձանագրվեց, որ Հայաստանյաց եկեղեցու ղեկավարի ընտրությունը պետք է տեղի ունենա Հայաստանում, և դրա համար մեր եկեղեցին պետք է հաղորդակություն ունենա բյուզանդիայի եկեղեցու հետ։ Այդ պատճառով է, որ մեր եկեղեցին ունենք որպես անկախ եկեղեցի։

Երրորդ հարցը. Ինչո՞ւ և ինչպե՞ս է ստեղծվել հայոց գրերը։ Դրա համար եղել է մի պատճառ, երբ քրիստոնեությունը ընդունելուց մեկ դար հետո Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը գնացին Վռամշապուհ արքայի մոտ արձանագրելով, որ չնայած մեկդարյա քրիստոնեությանը, Հայաստանի ժողովուրդը շարունակում է մնալ հիմնականում հեթանոս։ Եվ հնարավոր չէ լինել քրիստոնյա առանց սուրբգրյա տեքստերի հետ հաղորդակցվելու, իսկ դա հնարավոր է միայն տառեր և գրավոր լեզու ունենալու միջոցով։ Այս խնդիրը լուծելու համատեքստում էր, որ Վրամշապուհ արքայի առաջադրած խնդրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցը կատարեց իր առաքելությունը և երբ գրերը ստեղծած վերադառնում էր Հայաստան, Վրամշապուհ արքան էր գլխավորում այն թափորը, որը դուրս էր եկել ընդառաջ Մեսրոպ Մաշտոցին»,–նշեց վարչապետը։

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Մայր աթոռը գտնվում Էջմիածնում. «Իհարկե ավանդությունն ասում է, որ Մայր տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում, բայց միածինն էլ միամիտ չէ, նա իջել էր Հայաստանի մայրաքաղաքում, որովհետև Վաղարշապատը այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Հետևաբար, մենք արձանագրում ենք ամենակարևորը՝ մեր պետությունը, մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է»,– ընդգծեց Փաշինյանը։


 
 
1/3154
bottom of page