Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Քամ Ղաֆարիանի պատվին մարվել է հատուկ ծրար և բացվել անվանական աստղ՝ Լեգենդների փառքի արահետում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում տեղի են ունեցել նրա ձեռքբերումները նշանավորող մի շարք միջոցառումներ։
Քամ Ղաֆարիանը «X-energy», «Intuitive Machines», «Axiom Space» և «Quantum Space» բարձր տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրն ու համահիմնադիրն է։ Նրա մասնակցությամբ ստեղծված ընկերությունները նշանակալի ներդրում են ունեցել տիեզերական արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման գործում։ Այդ ձեռքբերումներից առանձնանում է 2024 թվականի փետրվարին «Intuitive Machines» ընկերության մշակած «Odysseus» տիեզերական սարքի պատմական առաքելությունը։ Սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում՝ դառնալով 1972 թվականին «Apollo» ծրագրի ավարտից ի վեր Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին ամերիկյան տիեզերական սարքը։ Իսկ «Axiom Space» ընկերությունը NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության հետ համագործակցությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ անձնակազմով կոմերցիոն տիեզերական առաքելություններ և կոմերցիոն տիեզերակայանի ստեղծման ծրագիր։




















