top of page

Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Անուշ Սահակյանը հարցրել է․ «Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքան կտևի և վերջնական հաջողություն կունենա՞, թե՞ ոչ»։

«Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում, դրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։ Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել․ պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին, որովհետև պայքարը  միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։ Պայքարը  ես եմ, մենք ենք, պայքարը մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպչելու դեպքում, վերջնարդյունքն իրեն սպասել չի տա։ Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես նորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով, պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Պայքարի մասին մեկ այլ հարց էլ ուղղել է Սերոբ Մանուկյանը․ «Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի  արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։

«Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության  խաղաքարտերից։ Իսկ ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին  Մոսկվան կոմպենսացնում է  տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանևրներով՝ Վրաստան, Ադրբեջան Թուրքիա։ Եվ  պատահական չէ, որ հայ- ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից  Արսենյանի  համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի  շահերից ելնելով՝ խնդրել  Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի  ինքնախոստովանությունները։

Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական «пофигизм»-ը։

Այսքանով հանդերձ, վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է, որ ոչ ոք չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել, որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։

Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Opmerkingen


bottom of page