top of page

Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքում խոսել է «հակասեմականության աղետի» մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 26
  • 1 min read

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հոլոքոստի հիշատակի միջազգային օրվան ընդառաջ կիրակի իր հրեշտակային աղոթքում նախազգուշացրել է «հակասեմականության աղետի» մասին՝  նշելով, որ այդ օրը լրանում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80 տարին, հայտնում է Associated Press-ը։

«Այդ տարիներին միլիոնավոր հրեաների և այլ դավանանքների ներկայացուցիչների ոչնչացման սարսափը երբեք չպետք է մոռացվի կամ հերքվի», - ասել է Ֆրանցիսկոս պապը՝ օրինակ բերելով հունգարական ծագմամբ բանաստեղծուհի Էդիթ Բրուքին, որն ապրում է Հռոմում:

Նա նշել է, որ նացիստական ​​համակենտրոնացման ճամբարներում սպանվել են նաև բազմաթիվ քրիստոնյաներ, «որոնց մեջ կային մեծ թվով նահատակներ»։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին միասին աշխատել՝ արմատախիլ անելու հակասեմականության չարիքը, ինչպես նաև խտրականության և կրոնական հալածանքների բոլոր ձևերը,- ասել է Ֆրանցիսկոս պապը:- Եկեք միասին կառուցենք ավելի եղբայրական և արդար աշխարհ՝ երիտասարդներին դաստիարակելով եղբայրության, ներողամտության և խաղաղության ոգով, որպեսզի նրանց սրտերը բաց լինեն բոլորի համար»:

Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել դադարեցնել քաղաքացիական պատերազմը Սուդանում, որը սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ ասելով, որ այն առաջացնում է «աշխարհում ամենալուրջ հումանիտար ճգնաժամը, որը ողբերգական հետևանքներ է ունենում նույնիսկ Հարավային Սուդանում»:

1/2168
bottom of page