top of page

604 մլրդ դրամի ճեղքվածք ունենք, ի՞նչ գործիքներով եք այդ պակասը լրացնելու. Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

Մենք ունենք 604 միլիարդ ճեղքվածք, սա մեր բոլորիս մտքի մեջ է, որ 604 միլիարդը պակասում է։ Այս մասին, ԱԺ-ում դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Կասե՞ք այն գործիքները, որով պետք է դա լրացենք: Օրինակ, արդյունավետություն, վարչարարություն, նոր գեներացիա, որտեղ պետք է ներդրումներ կատարեք, որ մեզ նոր գեներացիա ապահովի, որ դուք օգոստոսին ասեք՝ մեզ այդ 604-ը չէ, այլ 500 է պետք։

Ի՞նչ կարգի գործողություններ եք անելու, որ ավելի արդյունավետ մենք հասնենք նրան, որ այդ գումարների մեծ մասն էլ միայն ու միայն ծառայի գեներացիայի համար»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը նշեց, որ հարցը բյուջեի քննարկման բոլոր փուլերում իրենց ուշադրության կենտրոնում է: «Պետք է ցավով ասեմ, որ կան որոշակի սոցիալական նաև պարտավորություններ, որոնք մենք պետք է իրականացնենք: Ինչպես գիտեք՝ մեր բյուջեի մի ահռելի հատված գնում է այդ ուղղությամբ, որ միևնույն ժամանակ, իհարկե, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում ենք այն աջակցության գործիքները, որոնք պետք է թիրախային աջակցություն ցույց տան մեր առանձին ոլորտներին»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վերջին ընդունած ՏՏ ոլորտի աջակցության ծրագիրը հենց Սուքիասյանի նշած աջակցության ծրագիր է:

«Այսինքն մեր ակնկալիքն այնպիսին է, որ ինքը նոր գեներացիա պետք է ապահովի: Իհարկե, ժամանակը կանցնի, կգնահատենք, կտեսնենք՝ ինչքանով էր մեր կարծիքը ճիշտ:

Կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացումը և դրա իրականացման արդյունավետության բարձրացումը, դա այն հիմնական գործոններից է, երբ որ մենք խոսում ենք պոտենցիալի բարձրացման մասին, մեր պոտենցիալը բարձրացել է նաև այս կապիտալ ծախսերի ավելացման շնորհիվ, որն էականորեն նաև ավելացել է 2025 թվականի բյուջեով և այստեղ, իհարկե, գիտենք, որ մի զգալի մաս է կազմում նաև պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերին»,- ասաց նա:

1/1970
bottom of page