top of page

Հակակարկտային կայանը ժամանակին գործարկելու խնդիր ունեն. ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են այգիներ. գյուղոլորտի փորձագետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read

Հայրս Արարատի մարզի Մրգավետ գյուղում ծիրանի այգի ունի, տեղացած աննախադեպ կարկուտը բերքը լցրել է գետնին։ Մշակել են ամիսներով, ջրելու համար փող են տվել, այգին վնասակար միջատներից ազատվելու համար թույնի փող են տվել ու այսօր անհույս, անօգնական վիճակում շփոթված մնացել է ամբողջ գյուղը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Լուսինե Արշակյանը, ում ընտանիքը տուժել է երեկվա տեղացած կարկուտից:

Նրա խոսքով՝ Արարատի մարզում համատարած այդ վիճակն է:  Գյուղացին, որ սպասում էր այդ բերքը պետք է վաճառի ու մեկ տարի այդ փողով գոյատևի, բանկի վարկերը տա. « Հիմա այդ հույսը մեռավ,  իսկ պետությունը թքած ունի, որ գյուղացին ձմեռը սոված է մնալու, գոնե բանկերը հետաձգեն գյուղացիների պարտքերի վերադարձը։ Եթե արտերկրում ապրող բարեկամները կամ ընտանիքի անդամները չօգնեն փողով, գյուղում ապրող մարդը խաշած կարտոֆիլի ու մակարոնի փող էլ չի ունենա»,-զրույցում ասաց քաղաքացին:

Անդրադառնալով թեմային՝ գյուղոլորտի փորձագետ, Ագրարային համալսարանի  Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի  վարիչ Գագիկ Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց . «Եթե կարկտահարություն է եղել, մասնագետների գնահատում պետք է իրականացվի, քանի որ դա կախված է կարկտահարության աստիճանից, դրան գումարած ինտենսիվությունից, այգեգործության, դաշտավարության,  նայած ինչ  մշակաբույս է, որ ծառատեսակն է ու ինչքան վնաս է հասցվել, դա մասնագետի գնահատումից հետո պետք է լինի, ինչ վերաբերվում է ապահովագրությանը, ապա հակակարկտային կայանները իրենց գործարկման հետ կապված ժամանակին գործարկելու խնդիր ունեն: Ամբողջությամբ երևույթը չեզոքացնել չեն կարող, բայց մեղմել կարող են: Երկրորդ կարևոր խնդիրը դա ապահովագրության հետ կապված խնդիրն է: Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, դա կլինի կարկուտից, թե երաշտից», -ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն ամենալավ միջոցն է, որն ընդունված է ամբողջ աշխարհում, տարածաշրջանային մակարդակով հորդառատ անձրևը,  բնական աղետն ամբողջությամբ կարող է շարքից հանել այգին, ցանքատարածությունը ու ոչ միայն հատապտղային բերքը, այլև բանջարային տնտեսությունը ևս. « Հակակարկտային կայանը կարող է մասամբ լուծել խնդիրը, լավագույն դեպքում կարող է ամպերը ցրել, կարկտի ուժգնությունը կարող է նվազեցնի, բայց խնդիրն ամբողջությամբ լուծել չի կարող», - եզրափակեց Թովմասյանը:  

Հիշեցնենք, որ երեկ ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ:

1/2116
bottom of page